16. Սխալ հասկանալու մասին պատմություն

Ծովափնյա ռեստորանը, որ ընտրել էինք ճաշելու համար, նախընտրելի էր բոլորից նրանով, որ ամենամոտն էր գտնվում մեր հյուրանոցին, ուներ բարեհամբույր անձնակազմ, ուտեստներն էլ բազմազան էին ու համեղ:Գուստավո անվամբ մատուցողը իր գործն անելուց բացի սիրում էր կյանքը պատմել, սիրում էր նաև մեր կյանքով հետաքրքրվել, և դա առանձնապես դուր չէր գալիս մամային:Ամեն դեպքում մեր շփումը ռեստորանի սահմաններում սիրալիր  և քաղաքավարի բնույթ էր կրում:Լինելով ավանդապաշտ լատինամերիկացի, Գուստավոն պահպանում էր իր չափը, և դեռ երկար այդպես կշարունակվեր, եթե մի օր ես առանց մենյուին նայելու սնկով ուտեստ չխնդրեի:

Զգալով, որ չի հասկանում “մաշրում” բառը անգլերենով, ես անցա ձեռքերով նկարագրելուն: Նա ինքն էլ մի քանի անգամ ցույց տվեց մոտավորապես նման մի բան` անընդհատ աղավաղած կրկնելով մաշրումը , և երկուստեք տքնաջան փորձերից հետո  իբրև թե հասկացանք իրար, և նա  հեռացավ:
Որոշ ժամանակ անց վերադարձավ մամայի ու քրոջս ուտեստները ձեռքին, իսկ իմ ” սնկով” ուտեստը բերեց մի քիչ ավելի ուշ, կրկնակի  գրգռելով ախորժակս:
Մինչ կմոտենար, ես նկատեցի ափսեի մեջ չափից ավելի մեծ սև սնկեր, ու մտավախություն առաջացավ  չթունավորվել այդ տարօրինակ իսպանական  սնկից :
 2 վայրկյան ևս, ու սեղանին դրվեց միդիաներով լի մի մեծ ափսե:
Մաման և ես իրար նայեցինք, որովհետև ես ծովային մթերքի նկատմամբ հակակրանք ունեի, և քանի որ մաման բացարձակապես անգլերեն չգիտեր, սկսեց ինձ համդիմանել բառը չիմանալու և ճիշտ չբացատրելու համար:Գուստավոն չհասկացավ մեր տարաձայնությունները,  հարցրեց, արդյոք ամեն ինչ նորմալ է, և որպեսզի իմ ու մամայի խոսակցությանը ներկա չգտնվի, ես նրան ստեցի, թե ամեն ինչ հիանալի է,  շնորհակալություն հայտնեցի, և նա հեռացավ:
Մաման  առաջարկեց ուտեստը ետ ուղարկել, բայց ես լինելով ոչ կոնֆլիկտային, զոհ գնալով քաղաքավարությանը, ասացի որ կուտեմ, ու սկսեցի փորձել կյանքում առաջին անգամ այդ ոչ գայթակղիչ խխունջները:
Մի քանիսը   մի կերպ կուլ տալով ես այլևս չկարողացա շարունակել, մաման էլ նկատելով դա, որոշեց փորձել, և դեմքի արտահայտությունից զգացվեց, որ ինչ-որ բան այն  չէ:
-Այլևս  չուտես, հում են, վրան միայն լիմոն է լցրած, կանչիր, թող մի ուրիշ բան բերի:
Ես ուժգին ծիծաղեցի, հերիք չէր այն, որ ես դրանք տհաճությամբ էի կերել, դեռ հում վիճակում էին եղել….
Գուստավոն, որ նկատել էր ամենը հեռվից, մոտեցավ  մենյուն ձեռքին, ցույց տվեց անգլերեն մասսլս բառը ուտեստի նկարագրության մեջ, ես  էլ լավ տնտղելով մենյուն հասկացա, որ սնկով ուտեստ ընդհանրապես չունեին:
Մաման հայերենով չզսպեց իրեն, բայց դեմքն ու ձայնի տոնայնությունը ավելին էին ասում, քան Գուստավոյի համար անհասկանալի հայերեն հանդիմանությունները:
Որպեսզի երկար չտևի տեսարանը, ես նրան խնդրեցի ամառային աղցան բերել լիմոնով ու քացախով, բայց և այնպես մամայի ազդեցությամբ  պարտքս համարեցի տեղեկացնել իրենց ուտեստի ոչ կատարյալ լինելու և ինձ ճիշտ չհասկանալու մասին:
Նա էլ արդարացավ, թե սկզբից պետք էր ասել ամեն ինչ և հրաժարվել միդիաներից:

Արդյունքն եղավ այն, որ մենք այլևս այդ ռեստորանից չօգտվեցինք:

24. Գժական պատմություն

Խենթություններն ու զավեշտները ինձանից անսպառ են միշտ, բայց ամենագիժ բանը, որ երբևէ արել եմ, կպատմեմ ստորև….

Ինչ տարբերակներ կարելի է առաջարկել  ամառային կեսօրին բաց պատշգամբում մնացած կնոջը, որը գտնվում է երկրորդ հարկում և 4 ամսեկան հղի է:

Մի գուցե այս երկուսը  այնքան էլ ուշագրավ չեն,  որքան այն, որ օգնություն կանչելուն խանգարող շատ լուրջ հագամանքներ կային:
 Տանը միայն այդ պահին գտնվում էր ամուսնուս մայրը:Նրան ես, որքան էլ զարմանալի է,  չեմ դիմում ոչ մի կերպ:Եթե պատմողական նախադասություն պետք  է ասեմ, ասում եմ առանց դիմելու,  բարձր ձայնով:Եթե հարց պետք է ուղղեմ, նախադասության սկզբից օգտագործում եմ “դուք”-ը որպես կոչական, կամ համապատասխան դերանուններ /ձեզ, ձեր/, այդուհետ ձևակերպում նախադասությունս:
Դրան նպաստել է  նրա  տատիկիս հասակակից լինելու փաստը:Եվ ամուսնինս  չստիպեց նրան մայրաբար կոչել, թողնելով այդ որոշումը ինձ, իսկ ես էլ հետևելով միակ այլընտրանքին, սկսեցի նրան դուքով դիմել, որն այդպես էլ չդարձավ կանչելու միջոց :Տարիներ անց նկատեցի, որ նա էլ ինձ հետ է նույն կերպ առնչվում` առանց անունս տալու…..
Լավ վերադառնանք մեր պատմությանը, թե ինչպես էի ես մնացել  պատշգամբում:
Փաստորեն այս կնոջը ես կանչել չէի կարող, տան մյուս անդամներն էլ աշխատանքի էին, մի քիչ հույս կար կանչելու հարևաններին, բայց կեսօրվա շոգը նույնիսկ դա էր դարձրել անհնարին, և ես սկսեցի ուսումնասիրել պատշգամբի բարձրությունը, տեղի հարմարությունն ու ընկնելու հավանականությունը:
Ներքին  համոզմունք կար, որ ոչինչ էլ չի պատահի, եթե մի փոքր կախվեմ ճաղերից,  հետո`  ցատկեմ:Բայց “ես մենակ չեմ”-ի փաստը կրկնապատկում էր վախս, անելանելի դրությունն ավելի էր մեծացնում ռիսկը, իսկ  ծառ բարձրանալու, պատերի ու որոշ բարձրություններից թռնելու մանկությանս փորձը  մարմնիս ու ոսկորներիս ստիպում ենթարկվել գիտակցականիս:
Հանգիստ բարձրանալով անցա ճաղերի հակառակ կողմը, կռանալով պինդ բռնեցի ճաղերի նեքևի մասից մի 2 վայրկյան, մինչև լրիվ համոզվեի, որ  թռնելու ճիշտ պահն է և ես բոլոր ուժերս լարելով  ցատկեեցցիիի…….
Ծալված ծնկներով հայտնվելով գետնին, շտապ կանգնեցի, վրայիս փոշին  թափ տվեցի, հպարտությամբ  ու խանդավառությամբ, որ ոչինչ չի պատահել, քայլերս ուղղեցի դեպի տուն….

Երեկոյան, ընտանիքի անդամներին պատմեցի, նրանք լայն բացված աչքերով ինձ նայեցին`  մտքում երևի խելագարի տեղ դնելով ինձ 😀 

18. Իմ տատիկի հետ կապված պատմություն

Պարապմունքներս մի կողմից, մամայենց զբաղվածությունը` մյուս, և արդեն մեկ  տարուց ավելի  կլիներ, որ  տատիկիս չէի տեսել:

Վերջին քննությունս տալուց հետո  որոշեցինք գնալ նրան այցելության, և տեղ հասնելուն պես` ես առաջինը իջա մեքենայից ու շտապեցի մտնել տուն:Դուռը բացելով տեսա տատիս հյուրասենյակում նստած, ուրախ-ուրախ բարևեցի և մոտեցա, որ գրկախառնվեի:
Տատս նայեց դեմքիս և հարցրեց, թե ով եմ:Շանթահարվեցի, որովհետև տատս երբևեք իր տեսողությունից չէր բողոքել:Գամվեցի տեղում` չկարողանալով անունս արտաբերել…
Մերոնք  ներս մտան:Կամաց մամային  ասացի, թե`  չճանաչեց:Ծիծաղելով մաման մոտեցավ տատիս, ասաց, որ ես եմ, իսկ նա ամուր փաթաթվեց, ծիծաղեց, ոգևորիչ բառեր ասաց հասակիս ու դեմքիս փոփոխություններին, և ողջ ընթացքում անընդհատ համբուրում էր  ու ծիծաղում իր իսկ արածի վրա:Հետո սկսեց ինձ ուսումնասիրել:Հագուստս լավ տնտղելով անդրադարձավ մամային, թե ինչու ենք շորս այդքան կարճ կարել, կարելի էր կտորը ավելի շատ գնել:Մաման էլ համբերատար բացատրեց, թե “մոդան է էդպիսին, ջահելները հիմա կարճ են հագնում”….Տատս թերահավատորեն նայեց նրան, բայց ավելացրեց, որ ինքը լավ կտորներ ունի պահած, եթե ցանկանամ, կարող է նվիրել……..
 
 
Տատիս սենյակի բույրը երբեք չեմ մոռանա:Ասեղնագործ նրբերանգ բարձերի ու սփռոցներից գալիս էր այդ հոտը, հին պահարանի դարակները միշտ լի էին ընկույզով ու ծիրանի կորիզներով:Աթոռների վրա տարբեր գույնի շալեր, գլխաշորեր ու ժակերտներ էին գցված, թափանցիկ վարագույրներից ներս էր ընկնում աղոտ լույսը, և ես միշտ զարմանում էի, թե ինչպես է տատիկս այդ լուսավորության տակ առանց ակնոցի  բազմագույն գուլպաներ գործում մեզ համար:
Ինչքան էներգիա և դրական լիցքեր կային նրա մեջ:Նեղլիկ փոքր աչքերն ու ճերմակ դեմքին  դրոշմված կնճիռները կորչում էին նրա մշտական ժպիտի մեջ:Փոքրամարմին էր, բայց ֆիզիկապես ամուր ու առողջ:Հանգիստ չէր կարողանում նստել, պետք է անպայման մի բանով զբաղվեր:Վեջին տարիներին իր սրբազան գործն էր համարում ծոռնուհուն քնացնելն ու օրորոցի կողքին ժամերով նստելը:Երբեք փոքրիկին “աղջիկ” կամ “երեխա” չէր ասում: Սենյակից դուրս գալիս ասում էր` “էն տղան զարթնեց”:Իսկ իմ անունը պարտադիր օգտագործում էր “ն” հոդով` Հասին:
Չնայած որ վաղուց երեխա չէինք, մեզ հետ խաղում էր երեխայի պես, հումորներ անելով, երգերից տողեր, տաղեր ասելով:
Իր մասին խոսելիս միշտ ներկայացնում էր որպես բնիկ Երևանցի, զգալի կարևորություն տալով այն փաստին, որ ինքը ակնաբույժի թոռնուհի էր:Իր կյանքի տարբեր էտապների պատմություններով լցնում էր մեր երեկոները, իսկ կեսգիշերին նրա  սենյակի կողքով անցնելիս, միշտ լսվում էր նրա բարձրաձայն աղոթքները…………
….Կարոտել եմ տատիկիս բարի աչքերը, ժպիտը  ու ձայնը……..

15. Ինտերնետի հետ կապված պատմություն

2010թ. հոկտեմբերյան մի օր, ֆեյսբուքում հաղորդագրություն ստացա ոմն Vanashen-man Malabadi-ից, որի նամակի բովանդակությունը ընդամենը 2 նախադասություն էր` “բարև, ջան, դու Վանաշենցի ես?”Մտածեցի, երևի մի  կորած-մոլորած սփյուռքահայ Վանաշենցին է և  ուզում է ֆեյսբուքում կարոտախտի թեմայով ծավալվել, ու առանց երկմտելու պատասխանեցի` այո:Սա անմիջապես ոգևորված ընկերության խնդրանք ուղարկեց ու չալարեց` միանգամից չաթը բաց անել:Ես էլ այդ պահին ինձ գցեցի նրա  պրոֆիլ, հասկանալու` ծանոթ է,  թե`  ոչ: Ի զարմանս  ինձ, բնակավայրը լրացրած էր-Անթալյա:Մի պահ վարանեցի…շարունակել?….
 Բայց արդեն հասցրել էի պատասխանել նրա մի զույգ հարցին:Հարցրեցի,  թե ինքը ով է, պատասխանեց, որ իրենք “քոչել” են հոր մահանալուց հետո և հիմա ապրում են Անթալիայում: Հասկացա, որ քրդեր են, նրանք էին “քոչում”……
Բայզոն գրում էր խոսակցական հայերենով, լրիվ հասկանալի ու ամեն նախադասության հետ հուզվում:Մի քանի մեծահասակներից հետաքրքրվեց, որոնց մեջ նաև տատիկս էր, և խնդրեց իր կողմից համբուրել նրա ձեռքերը, որովհետև իր հոր մահանալուց հետո տատիկս  շատ է օգնել իր մորը….
Ինձանից մեծ էր 7 տարով,  այստեղից գնացել էր 13 տարեկան հասակում, բայց բոլոր դասարանցիներին, ուսուցիչներին հիշում էր անուն-ազգանունով, նույնիսկ` ընտանիքներով….
 Զարմանալի էր, թե ինչպես  չէր մոռացել հայերենը:Համեստաբար ասաց, որ  շատ ընթերացասեր և սովորող աշակերտ է եղել:Համոզիչ լինելու համար խնդրեց հարցնել իր նախկին ուսուցիչներից :Ճ:Ճ
Հարցրեցի, իսկ ինչպես է մինչև հիմա հիշում հայերենը, ասաց` չէր կարող մոռանալ, որովհետև երբևէ Գառնիի ջուր է խմել…..Ապշեցիիի…… Նրա հայասիրական զգացմունքները ցնցող էին:Լինելով քուրդ` նա ավելի հայասեր ու հայրենասեր էր, քան մեր գյուղից գնացած ցանկացած “սփյուռքահայ”….
 Պատմեց իր ընտանիքից, մորից, եղբորից, որը մահացել էր թուրքերի հետ ընդհարման ժամանակ…..
Հարցրեցի, արդյոք ապահով է ապրել այնտեղ:Ասաց, որ հիմա փոխվել է ամեն ինչ ու դարձել ավելի  թափանցիկ, ոչ ոք իրենց ոչինչ չի կարող անել…..
 Հետո հետաքրքրվեց համարյա բոլոր համադասարանցիներով, ասաց, որ կուզենար իր  ամենամոտ ընկերոջ հետ կապ հաստատել, բայց չի կարողանում  գտնել նրան ոչ մի տեղ:Քիչ անց  կազմակերպեցի նրանց զրույցը  skype-ի միջոցով….
 Հետո իմացա, որ ամբողջ զրույցի ընթացքում  հուզվել էր, բայց  և այնպես շատ ուրախացել էր մանկության հիշողությունների գիրկն ընկնելիս…..

12.Իմ սիրելի վայրի մասին

Լիրիկական զեղումներս մեծ ցանկություն ունեն մտքերս ուղղել դեպի այն միակ վայրը, որտեղ ես ծնվել և մեծացել եմ, ապրել եմ մանկություն, մայրություն, կյանք, աշխատանք, որտեղի փողոցներն ու տները այնքան հարազատ են ինձ ու այնքան հին ու կրկնվող…

Երբևէ, երբեք չէի պատկերացնի, որ նույն գյուղում, առավել ևս նույն փողոցում կմեծանան իմ երեխեքը, կապրեն նույն մանկությունը, կխաղան իմ մանկության համար արգելված վայրում, ես այդքան հասանելի կդարձնեմ այդ վայրը “փողոցի”  ինձ նման երեխեքի համար:Չէի պատկերացնի երբեք, որ այն նույն ճանապարհը, որով  ես որպես երեխա ամեն օր դպրոց էի գնում, հետագայում կդառնա աշխատավայր հանելուս միակ ուղին:
Չէի մտածում, որ այն վայրը, որը ես երբևէ փոխարինեցի իմ ազատությամբ ու ինքնուրույնությամբ լցրած Երևանյան բնակարանով /երբեմնի իմ ամենասիրելի վայրը/  4 տարի հետո նորից դեպի իրեն կվերադարձնի ինձ:
 
Ես սիրում եմ գյուղս, որովհետև ինձ շատ բան է կապում նրա հետ:Սիրում եմ նրա համար, որ այն գտնվում է արևակեզ Արարատյան դաշտում, Արարատ լեռան դիմաց:Սիրում եմ պատշգամբից երևացող,  դեպի Ուրծի լեռներ ձգվող շրջակա բլուրները:Սիրում եմ ինձ այնքան հարազատ դպրոցը, որտեղ  ինձ դասավանդած ուսուցիչների նկատմամբ ես ինձ դեռ աշակերտ եմ զգում, սիրում եմ տները, մարդկանց, դաշտերը, գետերը` փոքր ու մեծ, բակերի ծաղիկները, փողոցները ստվերող թթենիներն ու ծիրանենիները… 
Սիրում եմ, փողոցը,  ուր իմ բոլոր հարազատներն են ապրում, որն էլ համարում եմ իմ գյուղում մնալու ամենաարդարացված պատճառը…….. 
 
Բայց կա մի մեծ ԲԱՅՑ……..
 Ես երկար  չեմ կարողանում մնալ գյուղում:Ժամանակ առ ժամանակ ինձ ուղղակի անհրաժեշտ է գնալ  այստեղից, որովհետև ես սկսում եմ խեղդվել այդ նույնությունից, այդ ամենօրյա ամփոփոխ իրավիճակներից, մարդկանցից, երևույթներից:
Եվ  այն միջավայրը, որ օգնում է ինձ  դուրս գալ այդ միօրինակությունից`  Երևանն է:
Այն իր աղմկոտ փողոցներով, վառ գույներով, ռիթմիկ կյանքով հօդս է ցնդեցնում գյուղական կյանքի միապաղաղությունը , և մի քանի օր կամ ժամեր Երևանում անցկացնելիս ես լիցքաթափվում եմ և նոր ուժ ու եռանդ ստանում……
Հանդիպումները ուսանողության ընկերուհիներիս  հետ, սեմինարները, կոնֆերանսները, թատերական ներկայացումները, ֆիլմերը,  կամ պարզապես  անիմաստ զբոսանքը Երևանում ինձ տալիս են  անփոխարինելի դրական լիցքեր,  նոր տպավորություններ…….
 Այդ  ազդեցությունը նոսրանալիս`  ես սկսում եմ նորից  փնտրել առիթներ  կամ պատրվակ` վերստին վերադառնալու համար………

13.Մի սիրո պատմություն

Համալսարանն ավարտելուց հետո Ա-ին նշանակեցին ուսուցչուհի Արարատի մարզի  գյուղերից մեկում:Այնտեղ էին բնակվում իրենց հեռավոր ազգականները, և այդ հանգամանքը ուրախացրեց նրա եղբայրներին, որովհետև իրենց ընտանիքի ամենափոքրին թողնում էին հուսալի ձեռքերում:
Եռանդուն, կյանքով լեցուն, խելացի, գիտակ  աղջնակ էր Ա-ն, և հենց սկզբից գրավեց բոլորի համակրանքը գյուղում, աշխատավայրում:
Որպեսզի ամեն օր հայրենի գյուղից աշխատանքի գնալը չդառնար տանջալից  երևույթ, նա  ընկերուհու հետ սկսեց ապրել ուսուցիչների համար հատկացված “տանը” :Գյուղի երիտասարդությունը սկսեց շփման եզրեր փնտրել աղջիկների հետ, որոնցից մի քանիսի մոտ ստացվեց, ոմանք էլ իրենց քույրերի միջոցով ծանոթացան, և այդպես սկիզբ դրվեց մի   ընկերության, որն ավելի հետաքրիքիր դարձրեց նրանց բոլորի առօրյան:
Հեռավոր ազգականները նույնպես բարեհամբույր գտնվեցին աղջկա նկատմամբ, և սկսեցին հաճախակի հյուրընկալել նրան իրենց տանը:
Տղաներից ավագը սկսեց ուշադրություն խաղալ նրա նկատմամբ,  և երկուստեք համակրանքը
զարգացրեց նրանց հարաբերությունները  մինչև ամուսնություն:
Ազգակցական կապը նրանց գենետիկ առումով խոչնդոտ չէր, և  աղջիկը որոշեց ծանոթացնել իր ընտրյալին մոր հետ:
Տղան ընկերոջ հետ միասին այցելեց նրանց, և տեսնելով թխամաշկ, նիհարիկ, սև գանգուր մազերով երիտասարդին, աղջկա մայրը մտքում  որակեց նրան որպես “թուրք”` փափագելով որպես ընտրյալ տեսնել մյուս, ավելի բարետես տղային:Եվ ինչպիսի հիասթափություն ունեցավ և իմացավ, որ հենց թուրքի տեսքովն է իր աղջկա ապագա ամուսինը լինելու:
 Որքան էլ  մայրը ընդիմացավ, բայց և այնպես  նրանց ընկերական հարաբերությունները շարունակվեցին, որովհետև աղջկա 4 եղբայրները հավատացին իրենց մորը, որ երիտասարդը շատ լավ անձնավորություն է…
Տարիներ հետո, երբ այդ կինը   բարձրաձայն հպարտանում էր նրանով, տղան միշտ կատակում էր “թուրքի” թեմայով…..
Իսկ մինչ այդ….

10. Ուրիշի պատմած պատմություն, որն ուժեղ տպավորվել է…

Հերթական ամառային արձակուրդն էր, և վերը նշված աղջնակը  ընկերուհու հետ գնել էր ինքնաթիռի տոմս և ոգևորված շտապում էր դեպի աշխատավայր` վերջացնելու կիսատ մնացած գործերը:Հաշված օրեր էին մնում արձակուրդին, և պետք էր հասցնել ամեն ինչ` հանգիստ խղճով գնալու համար:
Իր ոգևորությունը հայտնեց համակրող երիտասարդին, որը միանգամից որոշեց, որ ինքն էլ է մեկնելու նրանց հետ միասին:
Գյուղական բարքեր, 70-ականներ, մեծ տարիքով ծնողներ, 4 եղբայրներ երևույթներից ոչ ոք չէր կարող արգելք հադիսանալ , որովհետև ավելի կարևոր էր նրա համար լինել երկու երիտասարդ աղջիկների կողքին Պետերբուրգում, քան խորանալ վերը նշված գործոնների մեջ:
Աղջիկը չառարկեց, նույնիսկ պայմանավորվեցին, որ ոչ ոք չպետք է իմանա, որովհետև ճամփորդության ռոմանտիզմը համեմատած գյուղական պրիտիվիզմի հետ այդ պահին ոչնչություն էր:

Եվ այդպես երեքով մեկնեցին ճամփորդության Սանկտ Պետերբուրգ, և որքան որ նկարներն են պատմում, ուղղակի հիանալի  ժամանակ են անցկացրել:
Վերադառնալուց հետո երիտասարդը ամուսնության առաջարկություն արեց աղջկան, և նրանք ամուսնացան:
Ունեցան 3 երեխա, տուն /տներ/ կառուցեցին և մինչև հիմա ապրում են նույն գյուղում:
Ժամանակ առ ժամանակ իրենց երեխաներին պատմում էին այդ ճամփորդությունից դրվագներ, իսկ երեխաները հրճվում իրենց ծնողների առաջադեմ լինելու վրա:Բայց ամենաշատը երեխաներին զվարճացնում էր փաստը, որ նրանք ազգականներ էին,  թեկուզ` հեռավոր:

Հետաքրքիր է ու զարմանալի, որ մինչև եղբորս, ինձ, քրոջս ունենալը, ծնողներս այդքան առաջադեմ են եղել, իսկ մեզ դաստիարակելիս նրանց մոտ  հայկական ավանդապաշտությունը գլուխ էր բարձրացրել:
Սակայն դա ոչինչ էր  այն ռոմանտիզմի դեմ, որը ունեցել են նրանք, և որը մեր համատեղ կյանքի ընթացքում  տարեց տարի   կրկնապատկվում էր…

11. Իմ երազանքների մասին

Ես կործանված երազող եմ:Երևակայությունս սահմաններ չի զգում:Միապաղաղ իրականությունից հեռանում եմ, մտովի տեսարաններ պատկերացնում, կորում ապագայի մեջ , հասնում կատարելության, ու նույն հաջորդականությամբ դանդաղ ետ գալիս դեպի իրականություն:Լինում են պահեր, երբ հիասթափությունն ու անորոշությունը կտրուկ ընդհատում են ընթացքը, բայց այս դեպքում  գլուխ է բարձրացնում լավատեսությունս:

 
Սեփական ցանկություներս դասակարգել եմ նպատակների ու երազանքների:Երազանքներս հեռվում գտնվող նպատակներն են:Իսկ վերջիններս էլ ներկայում, առաջիկայում իրագործվող վաղեմի երազանքներս են, որոնք ամբողջ օրը զբաղեցնում են միտքս, դառնում ապրելուս իմաստը:
1.Առաջնային ցանկություններիս մեծ մասը կապված է տան հետ:Երազում եմ վերանորոգված, կահավորված առանձնատան  մասին:Մոդեռն, հարմարավետ, գունային կոնտրաստ գամմայով,  շատ ազատ տարածությամբ ու արևի լույսով ողողված:Ցայտուն կերպով պատկերացնում եմ բոլոր սենյակները, գույները, իրերը, դասավորությունը, տուն  բարձրացող աստիճանները, բակի գազոնները, ծաղիկները , ծառերը……
Այս բոլոր տեսարանները դանդաղ կյանքի են կոչվում և խթան տալիս նոր երազանքների:
 
2.Տենչում եմ տեսնել այն օրը, լուսաբացը, երբ ընտանիքով կմեկնենք ճամփորդության:Դրա մասին դեռ երազել եմ ամուսնական ճամփորդության ժամանակ, երբ Տրեվի շատրվանի մոտ նկարվելիս երկու նեղաչք երեխաներ կողքիս կանգնեցին: Տղա և աղջիկ էին, և ես խնդրեցի նրանց ծնողներին թույլ տալ նկարվել իրենց երեխաների հետ:Քանի որ Սամվելի աչքերն էլ մոնղոլոիդ ռասսայի տեսակից են, ես կատակեցի, թե մեր ապագա երեխաները հենց այդպիսին էլ կլինեն:Փաստորեն սխալվեցի, իմ գեները գերակշռող եղան, և երեխաները ժառանգեցին տիպիկ հայկական մեծ աչքեր:Սակայն ծնվեց  պահի երազանքը, և ես տանում եմ այն  ինձ հետ  տարիներ շարունակ:
 
3.Երազում եմ ունենալ  վիդեո- պրոեկտոր:
Բացի մասնագիտական անհրաժեշտությունից, այն ես ուզում եմ  նաև ֆիլմեր դիտելու համար:Ցանկությունս  շարժական կինոթատրոն ունենալն է տանը և բակում:Պատկերացնում եք ինչ հրաշալի կլինի ամռանը  բակում, ծաղկանոցի կանաչածածկ պատը  էկրան դարձնել և  զով մթության մեջ ֆիլմ դիտել:Իսկ ձմռանը  դա անել տանը` հյուրասենյակի կամ ննջարանի պատին:Տպավորությունները անհամեմատելի կլինեն…….
Նույնիսկ մտածել եմ դիսկո փարթիներ կազմակերպել նրա օգնությամբ տանը:Երեխեքս դեռ չեն ըմբռնում դրա նշանակությունը, բայց դա այնքան էլ հեռու չէ:Մի քանի տարի ևս,  ու նրանք կունենան դրա ցանկությունը:Իսկ ես կունենամ  համապատասխան միջավայր դրա համար:
Երևակայությունս անսպառ է կապված վիդեո-պրոեկտորի հետ: Նրա օգնությամբ ես հետաքրքիր կդարձնեմ բազմաթիվ միջոցառումներ  թե’ տանը, թե’ դպրոցում:
 
4.Իմ հետագա բոլոր երազանքները կապված են երեխեքիս կրթության հետ:
Բայց քանի որ դրանք առավելապես իրենցից է կախված,  չեմ մանրամասնի:Պարզապես կուզեի, որ նրանք չբավարարվեին Հայաստանում ստացած կրթությամբ, այլ ձգտեին ավելիին:Իսկ դրա ցանկությունը պետք է իրենցը լինի:Ես ուղղորդում եմ, իսկ նրանց մոտ պետք է հասունանա այդ գաղափարը……..
 
Եվ սա ամբողջը չէ:Երազանքները ծնվում են ամեն օր, մեր կյանքը իմաստավորում սպասումներով ու ձգտումներով, դարձնում ապրելակերպը հետաքիքիր, հաճելի ու երջանիկ:
Ու թող այքան խաղաղ լինի ամեն ինչ, որ մենք երբեք չդադարենք երազել……

9. Կարևոր բան սովորելու մասին, որի համար չեմ փոշմանում

Կրկնվելու եմ այս պատմությամբ, քանի որ այս կարողությունը համարում եմ իմ ձեռքբերումներից մեկը, ու դեռ հույս ունեմ կրկին անդրադառնալ նրան….
Թե ինչու մաման որոշեց, որ ես պետք է դաշնամուր նվագել սովորեմ,  արդեն պատմել եմ :
Հետևաբար նա տարավ ինձ ծանոթ ուսուցչուհու մոտ` ստուգելու երաժշտական լսողությունս:
Ընկեր Բաբայանը մեզ առաջնորդեց դեպի հյուրասենյակ,  և այն տեսարանը, որ բացվեց հյուրասենյակում, գերազանցեց  մանկական երևակայությունս:
Հյուրասենյակի ծայրում թեքությամբ դրված էր սև ռոյալ, որի ետևում մեծ պատուհան էր` առաստաղից մինչև հատակ:Ռոյալի կողքին մամարապատ բուխարին էր, իսկ նրա վերևում և պատերին ամենուր նկարներ` բնապատկերներ, դիմանկարներ, նատյուրմորտներ:
Միջավայրն ապշեցրեց, բայց մանկական ուղեղս սևեռվեց այն գաղափարի վրա, որ եթե ես էլ դաշնամուր նվագել սովորեմ, երաժշտության ուսուցչուհի դառնամ, ես էլ կունենամ ռոյալ` դրված շատ մեծ պատուհանի դիմաց:
Եվ այն դարձավ մանկությունից եկած երազանքներիցս մեկը, որը դեռ ես տանում եմ ինձ հետ……
Երաժշտական դպրոց ես ընդունվեցի : Բայց առաջին դասարանի վերջում արդեն սպառվեց հետաքրքրությունս նոտաների հանդեպ:
Ոչ մի կերպ չէի հարմարվում այն մտքի հետ, որ երաժշտությունը կարող է բաղկացած լինել նոտաներից, ձանձրալի տակտերից, այն մի տեսակ ջնջում  էր երաժշտության հմայքը, դարձնում մաթեմատիկական խնդիր, տառերից կազմված նախադասություն: Սոլֆեջիոն  վերջնականապես վերացրեց երաժշտական դպրոց գնալու ցանկությունս:
Իսկ քննություն տալու վախը հետապնդեց ինձ մինչև ուսանողություն, երբ վաղուց ավարտել էի երաժշտական դպրոցը, սակայն երազումս այդ մղձավանջը անընդհատ շարունակվում էր:

Մամայի խստությունն ինձ ստիպեց ավարտել երաժշտական դպրոցը:Բայց այդ 7 տարին ինձ տվել է անփոխարինելի հիշողություններ կապված մանկության ընկերուհի Հասոյի հետ:Նա նույնպես սովորում էր երաժշտական դպրոցում, նրա հետ ես գնում էի Վեդի շաբաթական երեք անգամ, կիսում էի քննությունների ու սոլֆեջիոյի անհանսգտություններս նրա հետ, ճանապարհների բոլոր ծառերից ցոգոլի ու սալորի գողություն էիք անում միասին, երգում էինք դպրոցի երգչախմբում, մասնակցում համերգների, միասին ծիծաղում երաժշտական դպրոցի տնօրենի մեզ ուղղված վիրավորանքների վրա:
Ավարտելուց հետո միայն  դաշնամուր նվագելը դարձավ գերագույն հաճույք:Մի քանի տարի շարունակ դաշնամուրներս իմ ստեղծագործական աշխարհն էին, նրանցով ես լցրել եմ օրերս, անհոգ երեկոներս, և դեռ երկար այդպես կշարունակվեր, եթե չամուսնանայի:
Արդեն 15 տարի է, որ ես դաշնամուր չեմ նվագում:Լինում են րոպեներ, երբ ես նստում տնգտնգացում եմ, երբ ուզում եմ ստանալ այն հաճույքը, որ երբևէ եղել է, սակայն միջավայրը չի տրամադրում:Բայց ես դեռ գիտեմ, որ դաշնամուրի նկատմամբ կախվածությունս վերականգնվելու է մի օր, ու ես ինձանից կախված ամեն ինչ անելու եմ դրա իրականացման համար..Ես դեռ սպասում եմ կյանքիս Չորրորդ դաշնամուրին………

8.Կախվածության մասին

Սուրճի և արևի գերի ես դարձել եմ վաղուց:Առաջինն ինձ խմել սովորեցրել է հորեղբայրս:Իր սուրճից մի քիչ լցնում էր պնակի մեջ, ես էլ խաղալով սառեցնում, ու անհագ-անհագ խմում էի:Ընկերների հետ սուրճ խմելիս ես նույնպես մասնակցում էի , և հիշում եմ, թե ինչպես մի օր “Գուրգեն ձյաձյա” ընկերը իր սուրճը թափեց այբբենարանիս վրա…Այնուամենայնիվ դա ինձ դաս չեղավ, ու ես շարունակում եմ սուրճ խմել մինչև օրս, և առանց նրա չեմ պատկերացնում առավոտս…

Արևն իմն է եղել, որովհետև ես Արարատյան դաշտում եմ ծնվել:Այն իմ կախվածությունն է թե’ կենսական, թե’ հոգեբանական իմաստով:Կյանքիս բոլոր ձմեռները ես վատնում եմ գարնան արևի առաջին շողին սպասելով:Կարելի է ասել ես լիարժեք ապրում եմ արևի հետ, իսկ առանց նրա` գոյատևում ……..
Այս երկուսից բացի ես ունեցել եմ շատ կախվածություններ, որոնք միշտ հաջորդել են մեկը մյուսին, մի քանիսը անվերադարձ, մի քանիսն էլ սպառված……
Իմ վերջի կախվածությունը համակարգչից-ինտերնետից է:Երբեմն բարկանում եմ երեխեքիս վրա, որ առավոտյան արթնանալուն պես միացնում են համակարգիչը:Ես նրա կոողքով անտարբեր չեմ կարողանում անցնել, իսկ ժամերն էլ թռչում են նրա առաջ:Լինում են դեպքեր, երբ կարդալուց, անծանոթներին ուսումնասիրելուց, երաժշտություն լսելուց հետո ես անցնում եմ ֆիլմեր դիտելուն, և չեմ նկատում, թե ինչպես գիշերը նոսրանում է ու վերածվում առավոտի: Կարծում եմ , կգա մի օր, որ տան անդամները նստացույց կամ հացադուլ կհայտարարեն իմ այս կախվածության դեմ, որովհետև բողոքներն ու դժգոհությունները արդեն արվում են բարձրաձայն, երբեմն` սպառնալից, բայց` ապարդյուն:Առայժմ ես չունեմ սրան փոխարինողը, սա ինձ տալիս է շատ դրական լիցքեր, անջատում է կենցաղից, գյուղական կյանքից:Այն իմ պատուհանն է դեպի մեծ աշխարհ:Նրա օգնությամբ ես դարձել եմ ավելի անկեղծ /բլոգինգի պատճառով/, հումորի զգացողությունս ծաղկում է ապրում, ձեռք եմ բերել արագ մտածելու ունակություն, դարձել եմ ավելի շրջահայաց, ստեղծագործական միտքս վերելք է ապրում, տարբեր բնագավառներից լուսաբանվում եմ, և ամենակարևորը` այն ինձ երիտասարդացնում է:
Շատ կուզենայի երբևէ կախվածություն ունենալ գրքերից:Այն առայժմ ինձ չի հաջողվում:Միայն մասնագիտական գրքեր եմ վերջերս ընթերցում` հանրագիտարաններ, կենսագրականներ, հայ ժողովրդի պատմություն, բայց դրանք ինձ չեն բավարարում:Երազում եմ լուռ գրադարան ունենալու մասին, որտեղ կկարողանամ հավաքել բոլոր գրքերն ըստ հեղինակների , ժամանակաշրջանի, ժանրերի….
Իսկ ծերությունս միանշանակ պատկերացնում եմ գրքերի հետ, սեփական գրադարանում, այգում կամ պատշգամբում, բազկաթոռին հենված, հոգսերը թողած երիտասարդության հետ, գրքերի մեջ ու միայն գրքերի աշխարհում…..