20. Հուզիչ պատմություն

Akhtamar_Island_on_Lake_Van_with_the_Armenian_Cathedral_of_the_Holy_Cross

Թեև ես սենտիմենտալ ողբերգու եմ, սակայն հուզիչ պատմություն  մոգոնելու կամ կյանքից զգայացունց որևէ բան պատմել չեմ պատրաստվում, որովհետև նախկինները վաղուց անցյալում են, և անիմաստ է  ստեղներին կտկտացնելով  վերակենդանացնել դրանք:
Իսկ առաջիկա հուզիչը, որ դեռ չի սկսել, ու զգալի ժամանակ հետո պիտի դառնա պատմություն, ես արդեն գիտեմ ինչպիսին է  լինելու, և անհամբեր սպասում եմ դրան….
Ու չնայած նրան , որ համոզված եմ, որ սաստիկ ազդեցիկ կլինի, այնուամենայնիվ գիտակցաբար ու հաստատակամ գնալու եմ դրան, որովհետև գտնում եմ, որ ցանկացած հայ պետք է կյանքում գոնե մեկ անգամ լինի Արևմտյան Հայաստանում:
Դեռ մանկուց  ինձ հետ մեծացնում եմ այդ երազանքը, և գնալով ավելի եմ զգում դրա անհրաժեշտությունը:
Որպեսզի երազանքին սպասելու լիրիկական ու զգայացունց ապրումներս չնկարագրեմ, ուղղակի կիսատ կթողնեմ այս գրառումը՝ համոզիչ հույսով, որ  մոտ ժամանակներս նրան կանդրադառնամ  որպես իրականացած   պատմություն…..

26.Մամայություն

Recovered_JPEG Digital Camera_29770

Փոքր երեխաներ ես չէի սիրում:
Նրանց լացն իմ համար անտանելի էր, նրանց հետ մենակ մնալը տանջանք էր,  դիսկոմֆորտ ու լարվածություն:
Բացարձակ անտարբերություն ունեի մանկական հագուստի, խաղալիքների ու տարատեսակ պարագաների նկատմամբ:Չափահասին հատուկ լրջությամբ էի վերաբերվում երեխաներին, մեծավարի նկատողություն անում որևէ անկարգության համար, նրանց զվարճալի արարքներին ու ժպիտին նայում անխղճորեն սառնասիրտ:
Ծայրահեղական հակառակ դրսևորումներ ունեցա իմ երեխաներին ունենալիս:Շրջապատող բարեկամների համար բավականին զարմանալի էին իմ մայրական զգացողությունները, իմ համար առավել ևս:

Մամա լինելու երջանկությունը ամեն առավոտ ավելի ու ավելի էր խորացնում Հարութը, երբ արթնանալիս  տասնյակ անգամ, զարթուցիչի հաճախականությամբ տարբեր երանգավորումներով, կրկնում էր մամա բառը,  մինչև ես կսթափվեի խորը քնից, աչքերս կբացեի, կգրկեի նրան ու կսկսեի իմ հերթական մամայական օրը, որը լի էր երջանիկ ու անհոգ հոգսերով:
Մամայության կատարելությունը զգացի Էլենին ունենալիս:Երբ ամեն ինչ դարձավ աղջկական, թիթիզական, ավելի էմոցիոնալ, աշխույժ ու կյանքով լի:
Հիմա ես իրենց արդեն չեմ գրկում:Գիրկը նստեցնել-սիրելն էլ բաժին է ընկնում մենակ Էլենին:Հարութն ինքն է կատակով մեկ մեկ ասում, մամ արի քեզ գրկեմ:
Ու ժամանակի հետ համընթաց ես բոլոր երազանքներս ու ցանկություններս կապում եմ նրանց հետ, ապրում ու օրս լցնում  նրանցով…..,
վայելում իմ կյանքում եղած ամենազարմանալի զգացողությունը….