Իմաստը

“Ռոմա”-ն չնայեցի․․․
այն պահից սկսած, երբ  հասկացա, որ Հռոմի հետ կապ չունի, չգայթակղեց, այլ հակառակը՝ անտարբերությամբ հատվածներ որսալով այստեղից, այնտեղից, հասկացա, որ սև ու սպիտակ կինոն առայժմ իմ կրքերից չի։

Կրքերից է Հռոմը։ Ծննդյան առթիվ առաջին նվերը, որ ստացա Հարութից, ինչը կյանքում առաջին անգամն էր, գիրք էր Հռոմի մասին։

Հռոմից գգվում եմ․․․
Սպասումները, որ ինձ տարել են երբևէ, եղել է ինչ-որ բանի սկիզբ, ու տարիներ էին պետք, որպեսզի հասկանալ, որ Հռոմը միշտ կա իմ կյանքում, երբեմն հայտնվում է, իրենով ապրեցնում, ստիպում համոզվել, որ երջանիկ պահերի մեջ՝ կրկնվում է։
Խանդում եմ, ցանկացածին, ով Հռոմ ու Իտալիա է գնում։ Խանդն այնքան խորն է, որ թվում է, թե ես էլ հետն եմ գնացել։ Եթե անգամ ֆիզիկապես չէ, հոգ չէ, որովհետև, եթե անգամ գնացողը շատ շրջի, համոզված եմ, չի լինի այն բոլոր-բոլոր տեղերում, որտեղով ես անցել եմ, ու ցանկացած պահի կարող եմ բացել ու ճամփորդել։

“Ես Հռոմ եմ գրում”, եղավ սկիզբը, ու վարակեց․․․
Ես մտովի ապրում եմ Հռոմում, ոչ երազում եմ, ոչ էլ տենչում։ Ես էությամբ երևի նույնիսկ ավելի շատ իտալացի եմ, քան հայ։ Հորինված իտալացի, կամ էլ նախկին կյանքում գոնե՝ իտալացի։ Առաջ հայ էի, տիպիկ՝ հայեցի դաստիարակությամբ, գյուղական չափանիշների խտացմամբ, կարծրատիպերով կոփված՝ որպես սուրբ ու սրբոց։
Բայց փաստորեն, մենք մեր տեսակով հարատև չենք, պետք է մեկ-մեկ նաև այլ կերպ մտածել, որպեսզի լինել ավելի բնական, քան կոփածո․․․պետք է երբեմն  գտնել նաև մեր միջի թաքնված իտալացուն։

Էմոցիոնալ առումներով իտալացի լինելը իրականում հեշտ է, ուղղակի պետք է թուլացնել սահմանափակող շրջանակի մեխերը, իսկ դիմացի ապակին հեռացնել, մնալ այնպիսին մարդկության հետ, ինչպիսին կուզեիր, որ հետդ լիներ մարդկությունը․․․․
Սառը ապակու ու զուսպ հայեցիի տակ, փաստորեն, կարող է լինել երկու-երեք կնճիռ ավել վաստակած ժպտադեմ իտալացի, կպչուն ու սկզբունքային հայեցիի փոխարեն կարելի է լինել ռազմավար- մաֆիոզ իտալացի, կամ 42 տարեկան աննախատիպ հայ կնոջ փոխարեն՝ մի քիչ լինել նույն տարիքի Հռոմում ապրող իտալացի։

Կեցվածքն ու բովանդակությունը որպես այդպիսին ստացվել է հայուհու իմ գյուղական կերպարում, սակայն ծպտված իտալացին դեռ չափչփում է Վանաշենի փողոցները։
Փոշոտ, երկար ու կարճ փողոցները հատում են տներ, այգիներ, այլ փողոցներ, որոնցով օրվա ընթացքում մի քանի անգամ գնում ու գալիս եմ, որովհետև Հռոմն իր գործն արել է։ Գրմրելու աշխատասիրությունս ու հետաքրքրությունս տվել են այն, ինչի մասին ես անընդհատ նվնվում էի տարիներ շարունակ։ Ես ժամանակս թաղում եմ պահի դրությամբ շատ կարևոր մի գործում, ինչը հայեցի մարդկությունը կարծում է, թե իմն է։ Դե որ կողքից այդպես է դիտվում, երևի իմն է, համենայն դեպս ես վայելում եմ այդ իմը ու դողում դրա վրա։

Կյանքի գնով պետք է պահել սա, մտածում եմ կրիտիկական պահերին ու լծվում գործի։ Հուսահատ վայրկյաններին միացնում եմ երաժշտությունը, երգում Բոհեմյանը Ֆրեդիի հետ հավասար, հանճարից ստանում կերտելու մուսան ու խճճվում թեմաների մեջ։
Կինո՞, Հռոմ՞, ճարտարապետությու՞ն, պատմությու՞ն թե բացահայտված անձի՞նք՝ ամպիկի պես պտտվում են գլխումս, ու հաղթող բջիջը սկսում է շարժել մատներիս բարձիկները։

Պարբերությունների հաջորդականությունը դանդաղ ու ծուլորեն դասավորվելով ստեղծում է նորը, մեկ ուրիշը, լրիվ անծանոթ կամ հարադիր մի բան։
Գիտելիքի դատարկ դարակները լցվում են ու լցվում, ու եթե անգամ, դրանք երբևէ չկիրառվեն էլ, մեկ է, այնքաաան ինքնավստահություն են ներշնչում, որ նահանջի տեղ չեն թողնում․․․

Ես գիտեմ մի բան, որ դուք չգիտեք, ես անում եմ մի բան, որը դուք չեք կարողանում- արդյո՞ք սա է շարժիչ ուժը, հաճախ մտածում եմ, թե իսկապես Հռոմին շարունակող նոր գիտելիքը․․․ Ավելի վեհ, ինչպես կասեր մի խելացի մարդ՝ իմ երբեմնի մուսան՝, փորձն է, տարիների կուտակած փորձը։

Հ․Գ․ գրողը տանի, ես ինձ հազիվ սիրեցի 42 տարեկանում․․․․․

Միջավայր

Աշխատանքի բնույթ, աշխատելաոճի մանրամասներ, կցկտուր գիտելիքներ, մտերմիկ զրույցներ, ժպիտ ու հանդուրժողականություն, ընդմիջման ու սուրճի արարողակարգի հաճելի պահերը ինձ ներքաշեցին միջավայր, և ես սկսեցի լիովին զգալ օֆիս-խանութի բերկրանքն ու հրճվանքը, մինչև այն պահը, երբ հակացա, որ  ոչինչ չեմ հասկանում համակարգիչ ներբեռնած այն ծրագրերից, որոնք պետք է կիրառեինք ողջ աշխատանքի ընթացքում:

Ոգևորությունս հօդս ցնդեց ուղիղ երրորդ օրը, և ես հիասթափված ու քաոս տրամաբանությամբ մտա տուն, փնտրելով պատճառներ հրաժարվել ու  հաջորդ օրը չներկայանալ աշխատանքի:
Մի գուցե սթափ ուղեղով մտածելուց հետո ես գիտակցեի, որ միայն ներբեռնած ծրագիրն ու տվյալ բնագավառի տերմինալոգիան են մեղավոր, սակայն այն քողարկելով սփոփիչ հանգամանքով, թե  ստանալ  սիմվոլիկ գումար այդքան վազվզելու, բոլորի պահանջները բավարարելու և  անթերի աշխատանքն անելու պարագայում, բազմաթիվ  չիկարելիների հետ միասին  ստեղծում էր այն համոզմունքը, որ ես առնվազն կործանված ռոմանտիկ պիտի ըլլամ:Ամուսնուս չափազանց  իրատես լինելն կրկնապատկեց ցանկությունս թողնելու աշխատանքը, և ես հաջորդ օրն իսկ  անհավես ու պարզապես անտարբեր ներկայացա` հուսալով գոնե մի քիչ փոխել տրամադրվածությունս:
Դպրոցից դուրս գալիս նույնսիկ մոտս ցանկություն առաջացավ համբուրել դարպասն ու պատերը / հումորրրր /…
Վճարման օր էր`  սպասարկման ոլորտի ամենասպասված  պահերից մեկը:Մարդկային երևակայությունը բորբոքող բոլոր հնարավոր մարդկային տեսակները իրար հաջորդելով ներխուժում էին  խանութ` մեկը պարզապես “մուծումների”, մյուսը բողոքի, երրորդը Ստեփան Զորյանի “Մի կյանքի պատմությունը” սեփական օրինակով արտաբերելու, չորրորդը իր ժառանգների  գովքն անելու, մնացածն էլ  տարբեր հարցերով ու ցանկություններով:
Առավել զավեշտալի էր այն, որ հայտնվեցին նաև մարդիկ, որոնք զարմանքի գերագույն աստիճանով հարցադրում արեցին, թե արդյոք ես այնտեղ եմ աշխատում, որին ես ուղղակի պատասխանեցի  “Համազգեստը սազումա ինձ?”
Եղավ դեպք, երբ ինձ ծանոթ հաճախորդի ողջույնը վերածվեց ծնողական ժողովի ուղիղ խանութի կենտրոնում, որը հանգեցրեց այն գաղափարի, որ պետք է շուտափույթ որևէ պլան մշակել, կանխելու իմ և աշակերտների ծնողների հարցազրույցները կամ էլ գոնե մինիմալացնել դրանք……

Օր 1.Սև համազգեստ?

Հասոն իրեն հատուկ թիթիզահարությամբ պատրաստվեց այդ առավոտյան:Հագավ 12սմ բարձրությամբ կոշիկներ, դասական դասատուական հագուկապ, չալարեց ականջներին կրել մեեեեծ կլոր մետաղյա ականջօղեր, մատներին շարել արծաթյա իր սիրելի մատանիները և դպրոցում մի քանի ժամ սեթևեթելուց հետո չամփա ընկավ նոր աշխատավայր, որտեղ իրեն սպասում էին մեծ ուրախությամբ:
Թեև ինձ համար զարմանալի էր իմ անտարբերությունը սեփական ուրախությանս նկատմամբ, բայց նոր աշխատանքի հագուկապի մանրամասները  ավելի զարմացրեցին ինձ` երբ մենեջերը ուղղակի հանձնարարեց կարդալ տվյալ կազմակերպության աշխատողների արտաքին տեսքի մասին հատուկ պայմանները:
Իմ 12 սմ միանգամից հալչեց պայմանների թեժության ներքո, իսկ փաստը, որ ես վաղվանից պետք է համազգեստով աջուձախ քայլեմ խանութում,  ավելի շիկացրեց ընկալելու իմ ունակությունը:
Սև համազգեստ, սև տաբատ, սև դասական կոշիկներ, զարդերի լիակատար բացակայություն, բարձրակրունկ կոշիկի թույլատվությունը մինչև 7սմ:Ասել է թե,  խավարասերի տիպիկ արտաքին` օձիքի  ու  մազերիս ջերմ համադրությունը անտեսած:
Հետաքրքիր է, հնարավոր չէր այդյոք հայուհիների համար մեկ այլ համազգեստ մտածել, չէ որ ազգին հատուկ թուխ մաշկի հետ այն պազապես անհամատեղելի է:
Ինչևէ, հաջորդ օրը ես արդեն ունեի այդ տեսքը, և իջնելով 12 սմից ես հայտնվեցի ուղիղ հատակին սև հասարակ, տափակ կոշիկների մեջ, և օգտվելով այն պահից, որ ոչ ոք չկար տարածքում, ես մի քանի քայլ ետ ու առաջ արեցի թաթերի վրա` իմիտացիա անելով բարձրակրունկ կոշիկներ, որպեսզի ինքնավստահություն ներշնչեմ ինքս ինձ, որովհետև նորեկ լինելով ես չգիտեի աշխատանքի վերաբերյալ տարրական գիտելիքներ, ինչը ինձ լիովին նսեմացնում էր, ինքնագնահատականս հասցնելով զրոյի:

ՀարցազրԻՑ

Ռեզերվից  որոշ հանգամանքների բերումով դուրս եկա և վերջապես ուղարկվեցի մայրաքաղաք հարցազրույցի:Համապատասխան վայրում մեզ սպասեցրին բավականին երկար, որը ըստ երևույթին պետք է համբերությունից հաներ մեզ, սակայն նրանք չգիտեին որ ինձ մոտ համբերությունը ոչ թե ծով է այլ օվկիանոս, ավելի ստույգ  իմ համբերությունը ուղիղ համեմատական է երկիր մոլորակի ջրի պաշարների ամբողջականությանը:

Բանկ երևույթը կոփել է իմ համբերությունը երկաթի աստիճան, և ես մի օր 4 ժամ բանկում սպասելուց հետո տուն մտնելով հարկ համարեցի հոտնկայս,   մեկ բաժակ գինով խմել իմ իսկ համբերության կենացը:

Ըստ այդմ երկար սպասելուց հետո ես ժպիտը դեմքիս մտա հարցազրուցարան, որտեղ ինձ էր սպասում ինտելիգենտ արտաքինով մի տղամարդ, բավականին բարեհամբույր և դրական տրամադրվածությամբ:

Իհարկե արդեն կասկածում եմ, որ երբևէ որևէ հարցազրույցիչ իր հարցերը կսկսի առանց բարկանալու ու ձայնի հարձակողական տրամադրությամբ…

Ինչևէ,  ես արդեն փորձն ունեի, և նորից դեմքիս սառցակալած ժպիտով հակառակվեցի նրան, հասկացնելով, որ եթե հարցը վերաբերվում է դպրոցիս աշխատանքին, ինձ մոտ թասիբավերլուծական գործոնները կուլմինացոին բնույթ են կրում:Պաշտպանելով ինքս ինձ, ես պաշտպանեցի նաև դպրոցիս պարունակությունը` ինձ ոչ այնքան բնորոշ պահպանողականությամբ և ավանդապաշտությամբ….

Հետագա հարցերն ու իմ դասատուական  պատասխանները այլևս ինձ համար կարևոր չէին, որովհետև սպասվելիք աշխատավարձի չափն ու պահանջվող աշխատանքն արդեն ստիպում էին ինձ երկմտել աշխատանքի ընտրության հարցում , և ես ուղիղ կես ժամ հետո դուրս գալով հացազրուցարանից, թեթևացած ու բավարարված շունչ քաշեցի, քանի որ   վերջապես ավարտվել էր երկու տարվա իմ սպասելու չափաբաժինը, առավել ևս  այդ օրվա ամենալարված պահը:

Հետագա իրադարձությունները ևս ինձանից կլանեցին բավականին  մեծ քանակությամբ էներգիա, և երբ ես ստացա զանգ, թե  “անցել” եմ համապատասխան աշխատանքի,  առանձնապես չուրախացա:Մի գուցե այնտեղ հասնելուս ձևն էր տհաճ…….

30. Մի ընկերության պատմություն

Խոհանոցի պատուհանը  հնարավորություն էր օրական գոնե մեկ անգամ տեսնել Արմինեին, որը պարուհուն հատուկ կեցվածքով  մի քանի  անգամ անցնում էր փողոցով՝ դեմքին դրոշմած անձեռմխելիություն պիտակը:

Ես  նախանձով հիանում էի, որովհետև պարուհի լինելը իմ մանկության անկատար երազանքներից մեկն էր, իսկ բարձր հասակը՝ …… երանություն
Մարզաբնակին հատուկ բարդույթներով ես դեռ երկար կհիանայի նրանով, եթե մի օր բաց պատուհանի մոտ ինձ տեսնելով նա ծիծաղով չհեգներ, թե “դեռ որքան պետք է ես էդպես հեռվից նայեմ ու հետևեմ իրեն….”
Ու սկսվեց այդ օրվանից անհոգ ու խենթ ընկերության մի շրջան, որ ժամանակի հետ մեծացավ, լրջացավ՝  իր մեջ ընդգրկելով ապրումներ, լուսանկարներ, հիշողություններ…..
Ամեն անգամ հանդիպելիս մենք չենք զլանում նորից պատմել, թե ինչպես էինք մոմի լույսի տակ պարում կեսգիշերին, վառարանը գրկած գնում-գալիս շենքի բակով, լուծվող սուրճի մեծ չափաբաժնից վատանում  ու նստում  հատակին մինչև ուշքի գալը, ինչպես մի անգամ տաք եռացող տապակը վառվող վիճակում պահեցինք  դարակում, որպեսզի անսպասելի հյուրերը չհոշոտեին տապակած նրբերշիկը, ինչպես էինք ամեն գիշեր դեֆիլիե կազմակերպում՝  փորձելով բոլոր հնարավոր շորերը, ու որքան հաճախ էինք ճաշակում Արմինեի մամայի համեղ ուտեստները….

Ժամանակը յուրաքանչյուրիս պարգևեց ընտանիք,  մենք  տարածապես իրարից հեռացանք:Բայց դա  ավելի մեծ խթան հանդիսացավ, որպեսզի նրանց հերթական այցելությանը ես սպասեմ անհամբեր ու մեծ ջերմությամբ…
 Հիմա ես առավել հիացմունքով ու  հպարտությամբ եմ դիտում ընկերուհուս նազանի պարը բեմի վրա:Հանդիպելիս երկուսս էլ մանկանում, դառնում ենք նույնքան խենթ, անհոգ ու հոգով  երիտասարդ, ու գնալով ավելի ու ավելի ոգևորվում, որ մեզանից բացի, մեր երեխաները նույնպես միմյանց հետ շփվում են ու զգում միմյանց կարիքը:

29. հաճույքով ……

Հին տանը մի սենյակ ունեինք:Երկրորդ հարկում էր գտնվում:Իբրև երկրորդ հյուրասենյակ էր համարվում, բայց որպես այդպիսին  այդպես էլ չդարձավ, և  ծառայեց որպես մեկուսարան տան անդամների համար…
Նեղ ու երկար սենյակի  պատի երկայնքով դասավորված բազմոցն ու բազկաթոռները չափազանց հարմար էին վրան ժամեր վատնելու համար:
Տեխնիկապես հագեցած էր, բայց ոչ մի նշույլ ձգտում չկար էդտեղ երաժշտություն լսելու կամ էլ հեռուստացույց դիտելու:
Սենյակը ընդարձակ էր բարձր, ու այնտեղ անգամ լռությունն էր  հանգստանում տան աղմուկից ու խոհանոցի շխկոց-թխկոցից:
Հաճույքով ԼՌՈՒՄ էի ես այնտեղ, որովհետև ոչ ոք ինձանից նախադասություն չէր ակնկալում, հաճույքով կորում էի մտքերիս մեջ, քանի որ բոլորի կարծիքներն  ինձ չէին սպառնում,  ուղեղիս բոլոր դարակները թափ տալիս, դասավորում ու  տեղավորում էի  այդ սենյակում, խորը փիլիսոփայական ու հոգեբանական վերլուծությունների մեջ ընկնում, հետևություններս արդարացնում, ընդհանուր հայտարարի գալիս ինքս ինձ հետ, հանգստանում, վայելում ժամի ու վայրկյանի ամեն մի թխկոցն ու իջնում…..
Սենյակն իմ հոգեբանն էր:Լինելով այնտեղ ես ինձ հետ ներդաշնակ էի, հետաքրքիր, հավասարակշռված, որովհետև լռությունն ու մենակությունը ստիպում  ու պարտադրում էին այդպիսին լինել……
Վաղուց ես չունեմ այդ զգացողությունը:Ու վաղուց է, որ ես չեմ հանդգնում ասել, թե ուզում եմ մենակ մնալ կամ էլ բարձրաձայնել, թե մենակությունը պաշտում եմ:Վախենում եմ…..
Սահմանափակ ժամանակով երբեմն ես այն մի փոքր շոշափում եմ, բայց արդեն ժամացուցի ամեն մի տկտկոցը ոչ թե սպասված անսահմանություն է, այլ նրա ավարտի ավետում…

28….. տհաճությամբ անելու մասին

Ոչ այնքան հաճելի բաներից մեկը որ ես ստիպված եմ անել ու երևի դեռ երկար ժամանակ պիտի անեմ,  տետր ստուգելն է:Վերջնաժամկետ մեզ համար սահմանված չէ, բայց  ես միշտ գերազանցում եմ մտովի նշանակած ժամկետս , և անհարմարության կամ էլ ամոթանքի արժանանալուց մի օր առաջ  մի կերպ տրամադրվելով  սկսում եմ այն, ընթացքում՝ շարունակում և վերջում՝ վերջացնում:Ծիծաղելի է, բայց իսկապես այն ինձ մոտ այդպես է տեղի ունենում:

Զարմանալի է, բայց ապացուցված փաստ, որ տետր ստուգելը սովորաբար  դառնում է նոր գրառում գրելու մոտիվացիա:Եթե ես կարողանայի դա անել ստուգելուց հետ, ուրախալի կլիներ, բայց դա միշտ լինում է ստուգելուց առաջ, որը, ինչ խոսք, նորից թողնում է տետրերն իրենց տեղում….
Դրույթներ, թե ինչու եմ ես տհաճությամբ ստուգում տետր:
1. Ունենալով հայոց լեզվի ուսուցչուհի մամա, նշանակում է դեռ մանկուց հասկանալ այս զբաղմունքի բացասական ազդեցությունները:Ամեն անգամ  տետր ստուգելիս մաման դառնում էր մեկուսացած, անձեռնմխելի, ջղային, անհասանելի, խուլ ու համար:Նախապես մի քանի օր շարունակ հայտարարում էր, թե տետր ունի ստուգելու, ցանկացած խնդրանքին ստուգելու ընթացքում  բացասաբար էր պատասխանում, կամ էլ ուղղակի առանց հարցը լսելու հրամայում էր հեռանալ սենյակից,  քանի որ ինքը ՏԵՏՐ Է ՍՏՈՒԳՈՒՄ…..
Հիմա ես   դա անում եմ երեխաներիս սենյակում, որպեսզի չմեկուսանամ, սակայն նույնչափ նյարդային եմ դառնում, եթե նրանցից որևէ շշուկ է լսվում:
Խեղճ երեխեքս իրենք են խուլուհամրի պես նստում կողքիս, իսկ ես հանդիսավոր ստուգում տետրերս:
2.Աշակերտների որակական հատկանիշները:
Ձեռագրերն ու չհասկացված բառերը ինձ խենթացնում են, և հատկապես այնպիսի աշխատանքները, որտեղ տառերի փոխարեն ցանկապատներ են նկարվում:
3.Բոլոնյան համակարգի խաչերն ու թռչնակները խթանել են երեխաների ինքնուրույն մտածելու գերանկարողություն: Աշակերտները մտածելու փոխարեն մորզեի այբուբենով միմյանց թելադրում և ցույց են տալիս պատասխանները, և ինձ կանգնեցնում փաստի առաջ, չկողմնորոշվել գնահատականների մեջ:
Սա կանխելու նպատակով ես գյուտ եմ մոգոնել, և ստուգողական աշխատանքը անցկացնում եմ 2 օրում:Առաջին օրը գրում են միջին ունակությունների տեր երեխաները, իսկ երկրորդ օրը  գերազանցիկները:Արդյունքները արդարացնում են միջոցս:
Տետր ստուգել պարտադիր երևույթին հաջորդում է արդյունքները մի քանի դավթարներում անմահացնելը:Եթե նախկինում  միայն դպրոցական մատյանում էինք  անցկացնում գնահատականները և աշակերտների անվանակոչմամբ ու բացականչույթուններով, ապա հիմա դրանք մեկ անգամ ևս զետեղվում  են մեր անձնական մատյաններում, հետո էլ տանը դասարանէյեմ /բռռռռ/ էլէկտրոնային գլուխգործոցում:
Եթե ծուլությունս, ալարկոտությունս, վաղվա օրվան ամեն ինչ թողնելու մոլուցքս կարողանայի  ընկճել, կամ հաղթահարել ու անտեսել, տետր ստուգելուն ավելի բայրացակամ կարելի է վերաբերվել:Չէ որ այն իրականում ինձ ստուգելու առիթ է նաև, որով ես ունենում եմ ճիշտ պատկերացում, թե որքանով եմ կարողացել որոշակի գիտելիքներ արմատավորել աշակերտներիս մեջ..

20. Հուզիչ պատմություն

Akhtamar_Island_on_Lake_Van_with_the_Armenian_Cathedral_of_the_Holy_Cross

Թեև ես սենտիմենտալ ողբերգու եմ, սակայն հուզիչ պատմություն  մոգոնելու կամ կյանքից զգայացունց որևէ բան պատմել չեմ պատրաստվում, որովհետև նախկինները վաղուց անցյալում են, և անիմաստ է  ստեղներին կտկտացնելով  վերակենդանացնել դրանք:
Իսկ առաջիկա հուզիչը, որ դեռ չի սկսել, ու զգալի ժամանակ հետո պիտի դառնա պատմություն, ես արդեն գիտեմ ինչպիսին է  լինելու, և անհամբեր սպասում եմ դրան….
Ու չնայած նրան , որ համոզված եմ, որ սաստիկ ազդեցիկ կլինի, այնուամենայնիվ գիտակցաբար ու հաստատակամ գնալու եմ դրան, որովհետև գտնում եմ, որ ցանկացած հայ պետք է կյանքում գոնե մեկ անգամ լինի Արևմտյան Հայաստանում:
Դեռ մանկուց  ինձ հետ մեծացնում եմ այդ երազանքը, և գնալով ավելի եմ զգում դրա անհրաժեշտությունը:
Որպեսզի երազանքին սպասելու լիրիկական ու զգայացունց ապրումներս չնկարագրեմ, ուղղակի կիսատ կթողնեմ այս գրառումը՝ համոզիչ հույսով, որ  մոտ ժամանակներս նրան կանդրադառնամ  որպես իրականացած   պատմություն…..

26.Մամայություն

Recovered_JPEG Digital Camera_29770

Փոքր երեխաներ ես չէի սիրում:
Նրանց լացն իմ համար անտանելի էր, նրանց հետ մենակ մնալը տանջանք էր,  դիսկոմֆորտ ու լարվածություն:
Բացարձակ անտարբերություն ունեի մանկական հագուստի, խաղալիքների ու տարատեսակ պարագաների նկատմամբ:Չափահասին հատուկ լրջությամբ էի վերաբերվում երեխաներին, մեծավարի նկատողություն անում որևէ անկարգության համար, նրանց զվարճալի արարքներին ու ժպիտին նայում անխղճորեն սառնասիրտ:
Ծայրահեղական հակառակ դրսևորումներ ունեցա իմ երեխաներին ունենալիս:Շրջապատող բարեկամների համար բավականին զարմանալի էին իմ մայրական զգացողությունները, իմ համար առավել ևս:

Մամա լինելու երջանկությունը ամեն առավոտ ավելի ու ավելի էր խորացնում Հարութը, երբ արթնանալիս  տասնյակ անգամ, զարթուցիչի հաճախականությամբ տարբեր երանգավորումներով, կրկնում էր մամա բառը,  մինչև ես կսթափվեի խորը քնից, աչքերս կբացեի, կգրկեի նրան ու կսկսեի իմ հերթական մամայական օրը, որը լի էր երջանիկ ու անհոգ հոգսերով:
Մամայության կատարելությունը զգացի Էլենին ունենալիս:Երբ ամեն ինչ դարձավ աղջկական, թիթիզական, ավելի էմոցիոնալ, աշխույժ ու կյանքով լի:
Հիմա ես իրենց արդեն չեմ գրկում:Գիրկը նստեցնել-սիրելն էլ բաժին է ընկնում մենակ Էլենին:Հարութն ինքն է կատակով մեկ մեկ ասում, մամ արի քեզ գրկեմ:
Ու ժամանակի հետ համընթաց ես բոլոր երազանքներս ու ցանկություններս կապում եմ նրանց հետ, ապրում ու օրս լցնում  նրանցով…..,
վայելում իմ կյանքում եղած ամենազարմանալի զգացողությունը….