25.Պատմություն մի մարդու մասին, որի հետ այլևս չեմ շփվում

Փաստորեն դժվար է այս մասին գրելը, որովհետև ինքնասիրությունս ու արժանապատվությունս նորից հիշեցնում են իրենց վիրավորված լինելու փաստը, նորից սկզբից մինչև վերջ ապրում եմ բոլոր վիրավորական դրվագները, ու նորից գտնում արդարացում ու համոզմունք ճիշտ որոշումներիս մեջ:

 
Սեմինարի ժամանակ բոլոր դպրոցներից եկած ուսուցիչների մեջ էր նաև իմ երբեմնի հարազատը, որի հետ ես միշտ ունեցել եմ մարդկային նորմալ հարաբերություններ, որին սիրել եմ, և որի խնդիրները ես միշտ համարել եմ նաև իմը, և որը  15 տարի շարունակ ապրել էր կողքիս…
Երեք օր տևած սեմինարը հագուրդ տվեց ընկերուհի կոլեգաներիս հետաքրքրասիրությանը, որովհետև  հնարավոր չէր թաքցնել, կամ նկատելի չդարձնել այն չեղավ, որովհետև  շատերը գիտեին  իմ ու նրա հարազատ լինելու փաստը, և այդ նույն Շատերն էլ չզլացան ինձ հարցնել, “թե ի՞նչ խնդիր կար, որ միմյանց հետ չէիք շփվում”:
Բացատրել անգամ չկարողացա, որովհետև շփոթմունքս դարձել էր վիրավորանք, քանի որ ուղղակի չէի հասկանում, թե ինչում եմ  ես մեղավոր, և ինչու եմ արժանացել դրան, եթե մինչ հանդիպումը մենք որևէ գժտություն չէինք ունեցել….
 
Իհարկե ժամանակը որոշ չափով մեղմեց վիրավորանքս, նա դարձավ առաջվա պես, ես խեղդեցի վիրավորանքս, սկսեցի առաջվա պես շփվել՝ ընդհանրապես չակնարկելով որևէ բան դրա հետ կապված:
Երևի այն պատճառով էր, որ ես մարդկանց յուրովի էի ընդունում:Նրանց թերություններն ու ոչ խելացի լինելը ընդունում  էի ցավակցորեն ու խղճահարությամբ, հանդուրժողականությամբ ու համբերատար:Եթե իմ համար թանկ է այդ մարդը,  կարող եմ նույնիսկ անտեսել նրա թեթև  հիմարությունները իմ նկատմամբ, բայց եթե չափն անցնում է, դիմանալ չեմ կարող, և նրա ուշացած դաստիարակության մեջ ուղղումներ կանեմ….
Բայց սա այդ դեպքը չէր, որովհետև ես լուռ արժանացել էի արհամարհանքի, որի պատճառները հետո հասկացա, որ ոչ թե իմ մեջ էին, այլ իմ հարազատների…..

 
Նորից ժամանակը, ավելի ճիշտ անխնա  ճակատագիրը խզեց կապը իմ ու նրա միջև:Չհանդիպեցինք մենք միմյանց 2 տարի…
Ստեղծվեց միմյանց հադիպելու առիթը…
 Իմ ապրումները, նրան խղճալու փաստը, նրա էգոիստության դրսևորումը, շրջապատին առիթավորելու երևույթը  դարձրեցին  գիտակցականս մի քաոս, և որքան էլ խիղճս թելադրեց  ուրիշ բան,  ես պահի ազդեցությամբ արեցի լրիվ հակառակը, որովհետև վերջին պահին ինձ բռնացրի այն մտքի վրա,  որ բացարձակ ցանկություն չունեմ նրան մոտենալու, առավել ևս իր  հետ որևէ բառ փոխանակելու… ….
                      Վարվեցի այնպես, ինչպես նա ինձ հետ սեմինարի ժամանակ….
 
Ես քինոտ չեմ բնավ, նույնսիկ չափազանց ներողամիտ եմ, բայց  ես այլևս առաջվանը չեմ…

22.պատմություն “Լույս” հիմնադրամի մասին

Բյուրիի գրառումը կարդալով  շտապեցի լրացնել դիմումը և ուղարկել համապատասխան հասցեով, որովհետև  “Մեդիագրագիտության” վերաբերյալ ծավալուն դասընթացի ես մասնակցել էի “Ինտերնյուզում”, և ինձ ուղղակի հետաքիքիր էր, թե ինչպես է “Լույսը” պատրաստվում երկու օրում սովորեցնել Մեդիագրագիտություն և պրակտիկա:Եվ Բյուրիի քննադատումը համարում եմ տեղին, որովհետև նման դասընթացի հրավիրելու համար այդքան  սեղմ ժամկետում  և հատկապես հանգստյան օրերին հայտարարություն տալը չարդարացված  թերությունն էր:
Ինչևէ, հաջորդ օրը մասնակցություննս հաստատվեց, որը ուրախացրեց, որովհետև այն նախատեսված էր երիտասարդների համար, իսկ ես դեռ չեմ կողմնորոշվում,  36 տարեկանը համարվում է երիտասարդ, թե……?
Նույն օրը ստանալ պատասխանն ու Երևան մեկնել ես բնականաբար չէի կարող, և հաջորդ առավոտյան  դահլիճ մտա ուշացած:
Դասընթացի  ղեկավարը մոտեցավ ինձ և սփյուռքահայերենով ասած.
-Փագ է, դուգ ուշաձել եգ:
Ես հասցրեցի նշել, թե ուշանալուս պատճառը մարզից գալն է, նա էլ թե` այլևս դեղ չգա:
Ես պնդեցի, թե գրանցված եմ, ու երեկ մասնակցությունս հեռախոսով հաստատել եմ:
Նա էլ նորից, թե` ոչ այլևս դեղ չգա, և դուք ուշաձել եք:
Ես ինձ հատուկ զսպվածությամբ ասացի` պարզ է, և դուրս եկա դահլիճից:
Աստիճաններով իջնելիս զանգեցի նախորդ օրվա ինձ զանգահարող Աննային  և ներկայացրեցի իրավիճակը, նշելով, որ սովորաբար նման դեպքերում մարզերից եկողներին ընդառաջում են:Նա ասաց, որ իրենք չափազանց ճշտապահ են, չեն սիրում ուշանալ, դրա համար էլ մերժել են ինձ:Այնուամենայնիվ  դասընթացին մասնակցելու ցանկությունս մեծ էր, և ես խնդրեցի գոնե մյուս օրը ներկա լինել, որին նա դրական արձագանքեց:
Համենայն դեպս  ինձանից հետո “Այբ” դպրոցի աշակերտուհին ուշանալով 3 ժամ, առանց որևէ խնդրի և հանդիմանության կարողացել էր մասնակցել  դասընթացին….
Հաջորդ օրը ժամանակին դահլիճ մտնելով  նորից արժանացա ծրագրի ղեկավարի ուշադրությանը, որը հիշեցրեց, թե ես երեկվա ուշացածն եմ և չեմ կարող մասնակցել:
Ես ուղղակի ասացի, որ ինձ Աննան  է թույլատրել,  և նա այլևս չառարկեց:
Վերջապես սկսվեց այդքան սպասված դասընթաց-պրակտիկան, որը վարում էին “Լույսի” 2 ուսանողներ  Օֆելիա Հարությունյանը և Սարգիս Խանդանյանը:
Վերջինիս լրագրողական գործունեությանը ես ծանոթ էի, և ակնկալում էի նրանից շատ բան սովորել, բայց  նրան չափազանց քիչ հնարավորություն տրվեց խոսելու, որովհետև մյուս ուսանողի ակտիվությունն ու դասընթացն անցկացնելու ցանկությունը գերազանցեց Սարգսին տրված ժամանակը:

Սխալ կլինի առաջին օրվա մասին որևէ տեղեկություն գրել միայն մասնակիցներից հարց ու փորձ անելով, բայց երկրորդ օրվա դասընթացը բացարձակապես կապ չուներ “Մեդիագրագիտության” հետ:Ինտերնյուզի դասընթացի հետ համեմատած չափազանց աղքատիկ էր թե’ տեսական, թե’ գործնական առումով:Տեսախցիկի օգտագործման որոշ հնարքներից  ու հարցազրույց նկարելու հմտություններից բացի որևէ այլ բան չկիրառվեց գործնականում: Իսկ մոնտաժի ծրագիրը կիրառել մեզ մոտ այդպես էլ չստացվեց համակարգչի բացակայության ու ծրագրի վճարովի լինելու պատճառով:Մենք պարզապես դիտեցինք Օֆելիայի “խաղը”  Adobe Premiere ծրագրով և դրանով սահմանափակվեց դասընթացը:
Հ.Գ. Անցկացնել ” Մեդիագրագիտության” վերաբերյալ դասընթաց և որպես տեսանյութ օգտագործել  քողարկված գովազդ  նշանակում է լինել  մեդիաանգրագետ:Հաջորդ անգամ նմանատիպ դասընթաց կազմակերպելիս, սիրելի’  “լույսիկներ” աշխատեք ավելի հետևողական լինել ուսումնական նյութի նկատմամբ, նախապես պատրաստեք այն, ինչ սովորեցնում եք /ընթացքում մի փնտրեք/, ցանկացած դասընթաց մի անվանեք Մեդիագրագիտություն, և եթե ոլորտից այնքան էլ տեղյակ չեք, քննարկեք դա համապատասխան մասնագետի հետ, որ իմ պես անզուսպներին հրապարակավ  քննարկելու առիթ չտաք…

8.Կախվածության մասին

Սուրճի և արևի գերի ես դարձել եմ վաղուց:Առաջինն ինձ խմել սովորեցրել է հորեղբայրս:Իր սուրճից մի քիչ լցնում էր պնակի մեջ, ես էլ խաղալով սառեցնում, ու անհագ-անհագ խմում էի:Ընկերների հետ սուրճ խմելիս ես նույնպես մասնակցում էի , և հիշում եմ, թե ինչպես մի օր “Գուրգեն ձյաձյա” ընկերը իր սուրճը թափեց այբբենարանիս վրա…Այնուամենայնիվ դա ինձ դաս չեղավ, ու ես շարունակում եմ սուրճ խմել մինչև օրս, և առանց նրա չեմ պատկերացնում առավոտս…

Արևն իմն է եղել, որովհետև ես Արարատյան դաշտում եմ ծնվել:Այն իմ կախվածությունն է թե’ կենսական, թե’ հոգեբանական իմաստով:Կյանքիս բոլոր ձմեռները ես վատնում եմ գարնան արևի առաջին շողին սպասելով:Կարելի է ասել ես լիարժեք ապրում եմ արևի հետ, իսկ առանց նրա` գոյատևում ……..
Այս երկուսից բացի ես ունեցել եմ շատ կախվածություններ, որոնք միշտ հաջորդել են մեկը մյուսին, մի քանիսը անվերադարձ, մի քանիսն էլ սպառված……
Իմ վերջի կախվածությունը համակարգչից-ինտերնետից է:Երբեմն բարկանում եմ երեխեքիս վրա, որ առավոտյան արթնանալուն պես միացնում են համակարգիչը:Ես նրա կոողքով անտարբեր չեմ կարողանում անցնել, իսկ ժամերն էլ թռչում են նրա առաջ:Լինում են դեպքեր, երբ կարդալուց, անծանոթներին ուսումնասիրելուց, երաժշտություն լսելուց հետո ես անցնում եմ ֆիլմեր դիտելուն, և չեմ նկատում, թե ինչպես գիշերը նոսրանում է ու վերածվում առավոտի: Կարծում եմ , կգա մի օր, որ տան անդամները նստացույց կամ հացադուլ կհայտարարեն իմ այս կախվածության դեմ, որովհետև բողոքներն ու դժգոհությունները արդեն արվում են բարձրաձայն, երբեմն` սպառնալից, բայց` ապարդյուն:Առայժմ ես չունեմ սրան փոխարինողը, սա ինձ տալիս է շատ դրական լիցքեր, անջատում է կենցաղից, գյուղական կյանքից:Այն իմ պատուհանն է դեպի մեծ աշխարհ:Նրա օգնությամբ ես դարձել եմ ավելի անկեղծ /բլոգինգի պատճառով/, հումորի զգացողությունս ծաղկում է ապրում, ձեռք եմ բերել արագ մտածելու ունակություն, դարձել եմ ավելի շրջահայաց, ստեղծագործական միտքս վերելք է ապրում, տարբեր բնագավառներից լուսաբանվում եմ, և ամենակարևորը` այն ինձ երիտասարդացնում է:
Շատ կուզենայի երբևէ կախվածություն ունենալ գրքերից:Այն առայժմ ինձ չի հաջողվում:Միայն մասնագիտական գրքեր եմ վերջերս ընթերցում` հանրագիտարաններ, կենսագրականներ, հայ ժողովրդի պատմություն, բայց դրանք ինձ չեն բավարարում:Երազում եմ լուռ գրադարան ունենալու մասին, որտեղ կկարողանամ հավաքել բոլոր գրքերն ըստ հեղինակների , ժամանակաշրջանի, ժանրերի….
Իսկ ծերությունս միանշանակ պատկերացնում եմ գրքերի հետ, սեփական գրադարանում, այգում կամ պատշգամբում, բազկաթոռին հենված, հոգսերը թողած երիտասարդության հետ, գրքերի մեջ ու միայն գրքերի աշխարհում…..