7.Իմ ամենաուժեղ վախի մասին

Երբ փոքր էի, կարծում էի ամենաահավոր ու սարսափելի  բանն աշխարհում մահն է:Տարիքի հետ այդ վախս իրեն սպառեց, որովհետև փիլիսոփայական լուծում գտա դրան:
Մեծանալով մի շարք այլ վախեր ունեցա, որոնք արմատապես մնացին մեջս ու դեռ երկար կուղեկցեն ինձ կյանքիս ընթացքում:Չնայած նրան, որ ես զուսպ եմ, հավասարակշռված, սառը  ու խաղաղ, այնուամենայնիվ ես շատ զգացմունքային եմ ու տպավորվող:Բավական է մի դեպք, մի պատմություն, մի միջադեմ, որ կապված լինի վերջին վախերիս հետ, և նրանք սկսում եմ արթնանալ, տանջել ինձ, և այդ իրավիճակից միայն դուրս եմ գալիս երկար ինքնաներշնչման և ամենակարող ԺԱՄԱՆԱԿԻ օգնությամբ:
Ահա այդ բոլոր վախերը

 

  1. անբուժելի հիվանդության նկատմամբ
  2. վախ` բարձրությունից
  3. փակ տարածքում մթության մեջ երկար մնալուց
  4. դժբախտ պատահարներից
  5. միջատներից, կարիճներից, սողուններից
  6. բնական աղետներից
  7. երկնաքարերից
  8. չհասցնելու և ուշանալու վախ
  9. քննություն հանձնելու
  10. սկլեռոզ ունենալու
  11. չմտապահելու վախ
  12. վախ` առաստաղից կախված լամպերից
  13. մրսելու վախ
  14.  կտրուկ փոփոխությունների նկատմամբ վախ
  15. նույն աշխատանքով ողջ կյանքում աշխատելու վախ
  16. աշխատանք չունենալու վախ
  17. Կրթության նախարարի սահմանած անժամանակ արձակուրդների նկատմամբ նյարդային պոռթկումներով ուղեկցվող վախ
  18. վախ հարցազրույցներից 
  19. տոն օրերից-կարուսելներից-մեծ բազմությունից 

Սակայն իմ ամենամեծ վախը ապագայի նկատմամբ է:Ես դա  ապրում եմ հիմնականում երեխաներիս համար:Մի գուցե անորոշությունն է ստիպում ինձ այդպես մտածել, բայց և այնպես ապագայի մասին մտածելիս կորցում եմ  լավատեսությունս:Ներքին անհանգստություն կա, որը խոսքերով հնարավոր չէ արտահայտել:Փոքր վախերի մի մեծ ամբողջություն կա, որ խանգարում է ինձ  վստահությամբ սպասել ապագային:Մի գուցե բոլոր ծնողներն էլ ապրում են այս զգացողությունը, մի գուցե ես կյանքից ավելին եմ ակնկալում քան  հնարավոր է, մի գուցե ես երեխաներիցս ավելին եմ սպասում քան իրականում կլինի, բայց առայժմ սա իմ ամենա-ամենա վախն է, որը հաղթահարելու համար ես ինքն էլ պետք է ջանքեր գործադրեմ, միշտ լինեմ երեխաներիս կողքին, բայց և այնպես շատ  ազատություն տալ նրանց` կյանքում իրենց տեղը գտնելու և երջանիկ լինելու համար……

6.Պատմություն, որ երբևէ որևէ մեկին չեմ պատմել

90 ականների վերջերին երբ “բաբամներն”  ու պարսիկները գրավեցին Երևանը, մեզ նույնպես  բախտ վիճակվեց շփում ունենալ նրանց հետ, և բարեբախտաբար այն ջիգիթը, որը “պատահեց” մեզ , ազգությամբ հայ էր:

Երիտասարդական մետրոյի տարածքում զբոսնելիս մի ամլիկ գառան դեմքով այրը մոտեցավ մեզ, կցկտուր հայերենով առաջարկեց լուսանկարել , իսկ մենք էլ միամիտ ու պարզամիտ համաձայնությամբ շարվեցինք իրար կողքի, քրքջալով ու չտեսությամբ ենթարկվեցինք, և Ա ջիգիթը անմահացրեց մեզ և տվեց իր հեռախոսահամարը, որպեսզի օրեր անց  հանձնի նկարները:
Տուն գնալիս մի լավ ծիծաղեցինք մեր արածի վրա, բայց հետո գիտակցեցինք, որ ավելի հիմար արարք քան դա  հնարավոր չէր պատկերացնել:Բայց և այնպես  հնարավոր չէր որևէ բան փոխել, ու մի քանի հետո օր զանգեցինք տրված համարով` պահանջելու նկարները:
Հեռախոսը վերցրեց մի այլ Բ ջիգիթ, և երբ խնդրեցինք Ա ջիգիթին, վերջինս ասաց, որ նրա հետ գործ չունենք, որովհետև նա ամուսնացած է:Ավելի ցնցող լուր չէր էլ կարելի սպասել:
Սակայն մենք հանդգնեցինք պնդել, որ մեզ նրանից ոչինչ հարկավոր չէ, այլ պարզապես վերցնել մի քանի նկար:Բ ջիգիթն բարեհամբույր գտնվեց և ասաց, որ անպայման կտեղեկացնի նրան:
Մի քանի օր անց զանգահարեցինք նորից, և վերը նշված անձնավորությունը օր և ժամ ասաց, ըստ որի Երիտասարդական մետրոյի մոտ վերջապես մենք կտեսնեինք ամուսնացած սփյուռքահային:
Երեք ընկերուհիներով լուրջ դեմքի արտահայտությամն հանդիպեցինք նշանակված վայրում, Ա ջիգիթը առավել սիրալիր մեզ խնդրեց նստել մոտակա սրճարանում, որպեսզի  վերջապես տա մեր այդքան սպասված նկարները:
Մենք էլ խելոք խելոք ենթարկվեցինք նրան, որովհետև փաստի լրջության մեջ նախապես լավ խորացել էինք, քննարկել և ոչ մի կերպ չէինք ուզում նրա մոտ թողնել մեր նկարները:
“Բաբամը”  4 բաժակ սուրճ խնդրեց և մինչ սուրճը կբերեին, պայուսակից  հանեց մոտ 3-4 կգ պիստակով լի մի տոպրակ, դրեց սեղանին  և առաջարկեց փորձել:
Մենք ամաչելով մի 2 հատիկ վերցրեցինք, սակայն ինչպես գիտենք պիստակի աղի լինելը ավելի է գրգռում ախորժակը, և մինչ սուրճը կբերեին, կցկտուր զրույցի շուրջ  կիսեցինք տոպրակը:Ընթացքում նա տվեց մեր նկարները, մենք էլ քաղաքավարության  զոհ գնալով մի քանի րոպե ևս երկարացրեցինք հանդիպումը` վերջացնելով սուրճը:Անտարբեր ու թմրած դեմքով հրաժեշտ տվեցինք մեր ազգակցին, որովհետև դառը սուրճի և աղի պիստակի տհաճ համադրությունը պահանջում էր մի քանի լիտր ջուր, որը տվյալ պահին այդ տարածքում սուր պակասուրդ ուներ….