30. Մի ընկերության պատմություն

Խոհանոցի պատուհանը  հնարավորություն էր օրական գոնե մեկ անգամ տեսնել Արմինեին, որը պարուհուն հատուկ կեցվածքով  մի քանի  անգամ անցնում էր փողոցով՝ դեմքին դրոշմած անձեռմխելիություն պիտակը:

Ես  նախանձով հիանում էի, որովհետև պարուհի լինելը իմ մանկության անկատար երազանքներից մեկն էր, իսկ բարձր հասակը՝ …… երանություն
Մարզաբնակին հատուկ բարդույթներով ես դեռ երկար կհիանայի նրանով, եթե մի օր բաց պատուհանի մոտ ինձ տեսնելով նա ծիծաղով չհեգներ, թե “դեռ որքան պետք է ես էդպես հեռվից նայեմ ու հետևեմ իրեն….”
Ու սկսվեց այդ օրվանից անհոգ ու խենթ ընկերության մի շրջան, որ ժամանակի հետ մեծացավ, լրջացավ՝  իր մեջ ընդգրկելով ապրումներ, լուսանկարներ, հիշողություններ…..
Ամեն անգամ հանդիպելիս մենք չենք զլանում նորից պատմել, թե ինչպես էինք մոմի լույսի տակ պարում կեսգիշերին, վառարանը գրկած գնում-գալիս շենքի բակով, լուծվող սուրճի մեծ չափաբաժնից վատանում  ու նստում  հատակին մինչև ուշքի գալը, ինչպես մի անգամ տաք եռացող տապակը վառվող վիճակում պահեցինք  դարակում, որպեսզի անսպասելի հյուրերը չհոշոտեին տապակած նրբերշիկը, ինչպես էինք ամեն գիշեր դեֆիլիե կազմակերպում՝  փորձելով բոլոր հնարավոր շորերը, ու որքան հաճախ էինք ճաշակում Արմինեի մամայի համեղ ուտեստները….

Ժամանակը յուրաքանչյուրիս պարգևեց ընտանիք,  մենք  տարածապես իրարից հեռացանք:Բայց դա  ավելի մեծ խթան հանդիսացավ, որպեսզի նրանց հերթական այցելությանը ես սպասեմ անհամբեր ու մեծ ջերմությամբ…
 Հիմա ես առավել հիացմունքով ու  հպարտությամբ եմ դիտում ընկերուհուս նազանի պարը բեմի վրա:Հանդիպելիս երկուսս էլ մանկանում, դառնում ենք նույնքան խենթ, անհոգ ու հոգով  երիտասարդ, ու գնալով ավելի ու ավելի ոգևորվում, որ մեզանից բացի, մեր երեխաները նույնպես միմյանց հետ շփվում են ու զգում միմյանց կարիքը:

3 thoughts on “30. Մի ընկերության պատմություն

  1. Pingback: 30 պատմություն բլոգերների համար | Կարուսել

  2. Հասմիկ ջան, ինչո՞ւ էլ չես գրում։ Կարոտել եմ քո պատմությունները։ Գրիր, էլի, խնդրում եմ։ ։))

Leave a comment